ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
(ըստ աստվածաբանության և գիտության ռահվիրաների ու նշանավոր անձանց)
«Ահա թե ինչու մենք շարունակ գոհություն ենք տալիս Աստծուն նրա համար, որ մեզնից Աստծո խոսքի լուրն առնելով, այն ընդունեցինք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ճշմարտապես, որպես Աստծո խոսք, որ ներգործում է նաև ձեր հավատացյալներիդ մեջ»
(Թեսաղ., Բ 13)։
Ըստ աստվածաբանության մեջ ընդունված եզրի` աստվածային ծագումը կամ աստվածաշնչականությունն այն առանձնահատկությունն է, որը և պայմանավորում է Սուրբ Գրքի անառարկելի հեղինակությունը, անսխալականությունը, տարբերությունն աշխարհում գրված տասնյակ միլիոնավոր գրքերից, այդ թվում` նաև կոթողայիններից, ինչպես և գրավչությունն ու հարատևությունը։ Սուրբ Գիրքն իր իսկ մասին վկայում է. «Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։ Եվ այս առանձնահատկության շնորհիվ է, որ Սուրբ Գիրքը եղել է, կա և կմնա իբրև բովանդակ մարդկության գիրք` ամենօրյա ընթերցանության և խորհրդածության նյութ, բարեպաշտության, դաստիարակության, մխիթարության, իմաստության և կրոնաբարոյական զորության անսպառ աղբյուր և հավատքի կանոն։
Ինչպե՞ս է ի հայտ գալիս նրա աստվածային ծագումը, որո՞նք են ապացույցները։ Ըստ քրիստոնեական աստվածաբանության` աստվածաշնչականությունն օժտված է արտաքին և ներքին հինգ հավաստի նշաններով։ Արտաքին նշանը մեր հավատն է առ Աստված, որն անբաժան է հավատից Քրիստոսի Եկեղեցու և նրա սրբազան ու նվիրական այս Գրքի նկատմամբ։ Հավատո հանգանակում կարդում ենք. «Հավատում ենք Սուրբ Հոգուն` անեղին և կատարյալին, որ խոսեց Օրենքում, Մարգարեներում և Ավետարանում»։
Խնդրո առարկայի մասին ս. Ներսես Շնորհալին իր հոգեշահ «Թուղթ ընդհանրականում» ասում է. «Հավատքն ունի մեկ անուն, բայց երկու զորություն։ Առաջինը դավանության հավատքն է` Սուրբ Երրորդության խոստովանությունը... Երկրորդն այն հավատքն է, որ Սուրբ Գրքում գրված խոսքերը, որոնք Սուրբ Հոգին խոսեց մարգարեների, առաքյալների և Եկեղեցու վարդապետների բերանով, սուտ և առասպել չի համարում, այլ հավատում է, որ ճշմարիտ և ուղիղ են, որպես թե իր աչքերով է տեսնում այն բոլորը, ինչ եղել է, պիտի լինի և որ է»։ Այս հավատը, որն Աստծո շնորհ է, զորանում է աստվածաշնչականության ներքին ապացույցներով։
ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ Գրքի բովանդակությունը` նրա վարդապետական և բարոյական ճշմարտությունների ինքնատիպությունը, վեհությունն ու վսեմությունը, ինչպես և խորախորհուրդ իմաստություն, մինչև աշխարհի վերջն ընդգրկող մարգարեություններն ու անզուգական ոճը և բարերար ազդեցությունն ինքնին բավական են խոր համոզմունք ներշնչելու նրա աստվածային ծագման նկատմամբ։ Այսօր էլ` գիտատեխնիկական առաջընթացի դարաշրջանում, ինչպես դարեր առաջ, Աստվածաշունչ Մատյանը հառնում է մեր առաջ իր մարդկային բոլոր իդեալական պատկերացումները` տեսլականը, գերազանցող կատարելությամբ, որը մատչելի է մեր բանականության քննությանը և միաժամանակ հոգեհարազատ թե՛ փոքրին ու մեծին, թե՛ ուսյալին ու անուսին։
Նախ` ասենք, որ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը, որոնք կոչվում են Հնգամատյան, կազմվել են Մովսես մարգարեի ձեռքով Քրիստոսից շուրջ հազար հինգ հարյուր տարի առաջ (ոմանք կարծում են` 1350 տարի առաջ) և իրենց հնությամբ գերազանցում են աշխարհում հայտնի ամենահին գրքերը։ Այսպես, հնդկական Վեդաների գրությունը ենթադրաբար թվագրվում է նախքան Քրիստոսը 12-րդ դարով, որոնք ի մի են բերվել և վերջնականապես շարադրվել միայն 6-րդ դարում։ Չինական Կինգը, պարսկական Զենդավեստան նախքան Քրիստոսը 6-րդ դարից են։ Աստվածաշնչի պատմական գրքերն ավելի հին են, քան Հերոդոտոսի և Թուկիդիտեսի գրվածքները, Սուրբ Գրքի բանաստեղծական գրքերն ավելի հին են, քան Հոմերոսի և Վերգիլիոսի ստեղծագործությունները։ «Հրեական գրքերի խոր հնությունը,- հույներին և հռոմեացիներին հղած իր խոսքում նկատում է Տերտուղիանոսը,- նրանց այնպիսի հեղինակություն է հաղորդում, ինչպիսին ուրիշ գրքերն ունենալ չեն կարող։ Նրանք շատ դարերով նախորդում են ձեր չաստվածներին, քրմերին, տաճարներին և զոհաբերություններին։ Եթե դուք լսել եք Մովսեսի մասին, ապա գիտեք, որ նա ութ հարյուր տարով նախորդում է Հռոմի հիմնադրմանը։ Իսկ հետևելով բազում տարեգրությունների` կարող եմ ասել, որ հինգ հարյուր տարով նախորդում է Հոմերոսին։ Մովսեսին հաջորդած բոլոր մարգարեներից նույնիսկ ամենավերջինը նախորդում է ձեր իմաստուններին, օրենսդիրներին և պատմիչներին»։ Այս ամենից կարելի է մի եզրակացություն անել, որ Մովսես մարգարեն ձեռքի տակ չի ունեցել և չէր էլ կարող ունենալ որևէ գրավոր աղբյուր, քանզի Հնգամատյանը գրի է առել Սուրբ Հոգու թելադրանքով։ Նշենք, որ բացառվում է նաև որևէ բանավոր ավանդության, դիցաբանության և հեթանոսական կրոնների ազդեցությունը։ Սուրբգրային աշխարհի պարզ համեմատությունը հեթանոսական հավատալիքների, փիլիսոփայության, աշխարհայացքի, ծեսերի և բարքերի հետ ի հայտ կբերի նրանց միջև առկա խոր վիհն ու ցույց կտա նրանց ծագման աղբյուրը։ Այսպես, Եգիպտոսում պաշտում էին կոկորդիլոսների, Ասորեստանում` ձկների, Իրանում` կրակ, Հայաստանում` արև ու կրակ։ Հեթանոսությունը, իբրև բազմաստվածություն, իր չաստվածներին օժտում էր մարդկային հատկություններով, այն էլ` ոչ միշտ կատարյալ։ Հեթանոսների տիեզերագիտական ըմբռնումները բավական պարզունակ էին։ Այսպես. հնդիկները երկիրը տափարակ և յոթհարկանի էին ընկալում` հաստատված փղերի վրա, որոնց շարժումով էլ բացատրում էին երկրաշարժերի առեղծվածը, այլ ազգեր` կրիայի, օձի, ցլի վրա։ Մինչդեռ Սուրբ Գիրքը պարզիպարզո ասում է. «Ոչնչի շուրջ փռեց երկինքը, կախեց երկիրը ոչնչի վրա» (Հոբ 26. 7)։
Իսկ Եսայի մարգարեն գրում է. «Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերև» (40.22)։ Ընդ որում, հայերեն շրջածիրին համարժեք եբրայերեն բառը գնդի և սֆերայի (ոլորտ, բոլորակ) իմաստն ունի։ Այսինքն` Եսայի մարգարեն Քրիստոսից շուրջ 700 տարի առաջ և 2200 տարի առաջ նախքան մարդկանց` այդ մասին իմանալն արդեն ասում է, որ երկիրը գունդ է։
Իր հակասական դիցաբանական պատկերացումներով հեթանոսությունն իր զարգացման քառասունդարյա շրջանում չկարողացավ բարձր կանգնել ֆիզիկական աշխարհից։ Որքան էլ արտաքուստ ազգից ազգ զանազանվեին չաստվածների դիցարանները, արարողություններն ու աշխարհայացքները, նրանց ընդհանուր հայտարարը մեկն էր` դրանք մարդու մտքի և երևակայության արգասիք էին։
Էլ ավելի մոլորյալ և վայրագ էր հեթանոսների բարոյականությունը, որը, ըստ էության, նպաստում էր մարդու գիշատիչ և բիրտ բնազդների զարգացմանը, օրինականացնում հոռի և դաժան բարքերը։ Այսպես, Սպարտայում սպանում էին հաշմանդամներին ու հիվանդներին` երեխա լիներ, կին, թե տղամարդ, ազատվում ծեր ու զառամյալ ծնողներից։ Սենեկան և Պլուտարքոսը գովում էին սպանությունը և ինքնասպանությունը, սովորական ծիսական երևույթ էր երեխաներին կուռքերի առաջ զոհաբերելը։ Այս պիղծ երևույթը Հայաստանում էլ էր տարածում գտել։ Նրանց արարողություններն ուղեկցվում էին քրմուհիների տռփանքով։ Հեթանոսությունն օրինականացնում էր արյունապղծությունը և հարազատների ամուսնությունը։ Ամենուր քարոզվում էր սուր, բռնություն և ստրկություն։ Ստրուկների` այդ «խոսող գործիքների» տաժանագին աշխատանքի վրա ծաղկում էր ցոփ ու շվայտ կյանքը։ Հռոմեացիների որկրամոլությունը սահմռկեցուցիչ էր. նրանց ազնվականներն ուտում էին, ապա սիրամարգի փետուրներով սրտխառնություն առաջացնում, որպեսզի նորից ըմբոշխնեն կերակուրները, և այդպես ամբողջ օրը։
Հունահռոմեական հռչակավոր փիլիսոփայությունն անգամ ի զորու չէր կասեցնելու համընդհանուր ապականությունը։ «Ո՞Ւր է,- բացականչում էր Ցիցերոնը,- այն իմաստասերը, որ ըստ արժանվույն բարեկարգ կյանք ունենա. ո՞ւր` այն փիլիսոփան, որ հոգ տարած լինի իրեն ուղղելու... Ամենքն էլ իրենց վարքով սուտ են հանում տրված բարոյական կանոնները»։ Իսկ նշանավոր փիլիսոփա Մարկոս Ավրելիոսը բացականչում էր. «Մա՜հ, մի՛ հապաղիր քո այցելությամբ»։
Խորապես հասկանալով հեթանոսական կրոնի և հունահռոմեական բարոյականության սուտն ու մոլորությունը, ինչպես և աշխարհը վերափոխելու իրենց անզորությունը, գրեթե բոլոր փիլիսոփաներն էլ սպասում էին գերբնական լույսի հայտնությանը։ Պլատոնը գրում է. «Սպասել է պետք, որ մեկը գա և սովորեցնի մեզ, թե ինչպիսի ընթացք պետք է ունենալ Աստծո և մարդու նկատմամբ»։ Սուրբ Գիրքը` հեթանոսության ականատեսը, վկայում է. «Բավական չէ, որ մոլորվել էին Աստծո գիտությունից, այլև լինելով անգիտության պայքարի մեջ, դեռ այդ չարիքն էլ խաղաղություն էին կոչում` մանկական զոհաբերություններ կամ գաղտնի ծեսեր կատարելով։ Նրանք սուրբ չեն պահում ո՛չ իրենց կյանքը, ո՛չ էլ ամուսնությունը, ընկերը կա՛մ կասկածամտությամբ սպանում է ընկերոջը, կա՛մ թաքուն խաբեությամբ խղճալի վիճակի հասցնում նրան։ Եվ խառնիխուռն է ամեն ինչ` արյունը և սպանությունը, գողությունը և նենգությունը, ապականությունը, ուխտադրժությունը, խռովությունը, երդմնազանցությունը, բարի երախտիքների մոռացումը, հոգեպղծությունը, այլասերությունը, ամուսնական անառակությունը, շնությունն ու գիջությունը» (Իմաստ. 14. 22-26)։
Որքան խորթ է այս ամենը սուրբգրային մաքրամաքուր ուսմունքներին, որոնք մարդկությանը կատարյալ գիտություն շնորհեցին Աստծո, մարդու (նրա առաքելության և տիեզերքում տեղի), աշխարհի արարման և Աստծո փրկության ծրագրի մասին։ Փաստորեն ողջ քրիստոնեական կրոնի էությունը սերն է Աստծո և մերձավորի նկատմամբ. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Այս է մեծը և առաջին պատվիրանը, և երկրորդը սրա նման է. «Պիտի սիրես քո մերձավորին ինչպես քո անձը» (Մատթ. 22. 38-39)։ Քրիստոնեության էությունը լավագույնս բացահայտվում է Քրիստոսի հռչակած ոսկե օրենքի մեջ. «Այն, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են օրենքն ու մարգարեները» (Մատթ. Է 12)։ Ի՜նչ ընդհանրության եզր կարող է լինել հեթանոսության և իրար օգնելու, սիրելու, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, ծերանոցներ հիմնելու, աղքատասիրության, բարության, անձնազոհության, ժուժկալության, ազնվության, ընտանիքի սրբության աստվածային պատվիրանների միջև։ Սուրբ Գիրքը հետևողականորեն բացահայտում է մարդու միտքը մանկուց հուզող ամենանվիրական հարցերը. որտեղի՞ց ենք մենք (այս մասին է պատմում Աստվածաշնչի առաջին գիրքը) և ո՞ւր ենք գնում (Աստվածաշնչի վերջին գիրքը)։ Որքա՜ն մխիթարություն և սփոփանք կգտնի ամեն մարդ Սուրբ Գրքի էջերում, որքա՜ն իմաստություն, որը, ի տարբերություն հունահռոմեական փիլիսոփայության, վերացական չէ, այլ չափազանց խորն է, մատչելի և գործնական։ Մարդկային բանականությունը, նույնիսկ ծայրահեղ անհավատների կարծիքով նման բան հորինել չէր կարող, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Աստվածաշնչի հեղինակներից` մարգարեներից ու առաքյալներից, շատերը մինչև Սուրբ Հոգով լցվելը պարզ ու անուս մարդիկ էին` հովիվներ, ձկնորսներ, վրանագործ և այլն. մանավանդ եթե հիշենք, որ Իսրայելը չուներ փիլիսոփայական դպրոցներ և ուսյալ մտավորականություն։
Այս առումով ուշագրավ կարծիք է հայտնել հռչակավոր գրող և մտածող Ժան Ժակ Ռուսոն. «Խոստովանում եմ, որ Աստվածաշնչի մեծությունն ապշեցնում է մեզ, իսկ Ավետարանի սրբությունը` ազդում սրտիս։ Սուրբ Գրքի համեմատ որքա՜ն չնչին են փիլիսոփայական երկերն իրենց ողջ փայլով հանդերձ։ Հնարավո՞ր է, արդյոք, որ մեկ այլ ստեղծագործություն, այն էլ` սովորական մարդու ձեռքով գրված, այսքան կարճ ժամկետում փառավորվեր այսպես։ Կարո՞ղ էր Նա, ՈՒմ մասին պատմում են սրբազան գրքերը, հասարակ մարդ լինել։ Մի՞թե գրքերում երազողի կամ սնապարծ աղանդավորի ձայնն ենք լսում։ Ի՜նչ հիասքանչ, ի՜նչ մաքուր է նրա էությունը։ Ի՜նչ առինքնող բարությամբ է համակված Նրա վարդապետությունը։ Ի՜նչ վսեմ են Նրա օրենքները։ Ի՜նչ խորին է Նրա խոսքերի իմաստությունը... Հրեա գրողներն ի վիճակի չէին հորինելու ո՛չ այդպիսի տոն` արտահայտության երանգ, ո՛չ էլ նման բարոյականություն։ Ավետարանն իր մեջ կրում է այնքան վեհ, զարմանալի ու միանգամայն անզուգական իմաստության հետքեր, որ հորինողն ավելի մեծ դրվատանքի կարժանանար, քան հերոսը։ Ի լրումն ողջ ասվածի, պետք է ավելացնել, որ Ավետարանը միանգամայն անհասանելի գիրք է, որի առջև կարկամում է բանականությունը, բայց և միաժամանակ` ոչ այնպիսին, որը չհասկանար մտածող մարդը և որին չկարողանար համաձայնել»։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Ինչպես արցունքներն են բխում սրտից և ուղղվում դեպի սիրտ, այնպես էլ Աստվածաշունչը բխում է Աստծուց, և ով Աստծուց է, լսում է Նրա խոսքերը»։
ՖԱՐԱԴԵՅ
Բնախույզ
«Տարօրինակ է... Ամբողջ կյանքում անգործ շրջել եմ փիլիսոփայության բոլոր պարի դասարաններով, անձնատուր եղել մտքի գինարբուքներին, սիրահետել բազմապիսի ուսմունքների հետ և, բավարարություն չգտնելով, անսպասելիորեն այժմ ընդունում եմ քեռի Թոմի տեսակետը` Ս. Գրքի տեսակետը։ Եվ այս սևամորթ աստվածապաշտի կողքին նույնպիսի աստվածահաճ երկյուղածությամբ ծնկի եմ իջնում։ Ինչպիսի նվաստացում... Իմ ողջ գիտելիքներով հանդերձ ես ավելի հեռու չգնացի, քան հազիվ վանկերով կարդացող այս աղքատ ու անուս սևամորթը»։
ՀԱՅՆԵ
Բանաստեղծ